Քաղաքականություն 

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններից պահանջում է ադեկվատ արձագանք տալ «Ռուսաստանի հերթական սադրանքին»

analitik.am

Վրաստանի ընդդիմությունը երկրի իշխանություններից պահանջում է ադեկվատ արձագանք տալ «Ռուսաստանի հերթական սադրանքին», որը տեղի է ունեցել Սոչիի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում, գրում է Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսը։

 

Վրացի ընդդիմադիրների կարծիքով՝ Ռուսաստանը հավաքականների շքերթի ընթացքում միտումնավոր անտեսել է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունները պաշտոնական մակարդակով հրավիրեն ՄԱԿ-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային ատյանների ուշադրությունը։

 

Վրացական ընդդիմությանը և հասարակության մի մասին մի շարք հանգամանքներ զայրացրել են։ Օրինակ՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները դժգոհ են, որ Թբիլիսիի թուլությունից օգտվելով՝  Մոսկվան Օլիմպիական խաղերի բացմանը ողջ աշխարհին ներկայացրեց Վրաստանի պատկերն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Հիշեցնենք, որ շքերթի ժամանակ պատվիրակությունների մուտքին նախորդում էր տվյալ երկրի տարածքի ցուցադրությունը՝ տիեզերքից արված պատկերներով։

 

Վրաստանի ցուցադրության ժամանակ դրա վերահսկողությունից դուրս մնացած ինքնավար շրջաններն ամպերով են ծածկվել։

«Հնարավոր է՝ դա պատահականություն էր, քանի որ ամպերը, որպես կանոն, ապրում են իրենց ապաքաղաքական կանոններով։ Սակայն կուսակցությունը վստահ է, որ այդ դեպքում ամպերը ոչ թե բնական, այլ քաղաքական ծագում ունեին»,-գրում է հոդվածագիրը։

 

Բացի այդ, ընդդիմության համոզմամբ՝ Ռուսաստանը Վրաստանին նվաստացրել էր նաև այն հանգամանքով, որ Օլիմպիական խաղերի բացմանը ներկա էին Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդները։

 

«Վրաստանի իշխանություններն, ի վերջո, պետք է կոշտ լինեն և ամրագրեն իրենց դիրքը, պետության դիրքորոշումը ռուսական սադրանքների հանդեպ։ Հակառակ դեպքում դա կփորձենք անել մենք»,-ասում են «ազգայինները»։

 

Սակայն չի թվում, թե այդ պահանջները վրացական իշխանությունները կիրականացնեն։ Ի տարբերություն իրենց հակառակորդների՝ նրանք չեն կարծում, որ Օլիմպիական խաղերի բացման ընթացքում արտառոց ինչ-որ բան է տեղի ունեցել։

 

Արտգործնախարար Մայա Փանջիկիձեի խոսքով՝ Սոչիի օլիմպիական խաղերին վրացի մարզիկների մասնակցության մասին սկզբունքային որոշումը կայացվել էր մեկ տարի առաջ։

 

«Այո՛, եղել են Օլիմպիական խաղերին Վրաստանի մասնակցությանը դեմ արտահայտվողներ, սակայն վերջնական որոշումը կայացվել էր այն հաշվարկով, որ բնակչության կեսից ավելին կարծում է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականությանը»,- կարծում է նախարարը։

 

Նրա կարծիքով՝ չպետք է ուշադրություն դարձնել «ամպային թեմային», քանի որ առավել կարևոր էր այն, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի բաժանած բուկլետներում Վրաստանի քարտեզն այն սահմաններով է, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից։ Այսինքն՝ Աբխազիան և Հարավային Օսիան նրա սահմաններում են։

«Ես ինքս եմ տեսել այդ քարտեզներն ու կարդացել եմ մեկնաբանություններն այդ թեմայով այն մասին, որ ռուսներն իբր դրանով ճանաչել են Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նախարարը՝ նշելով, որ այդ ամենը պետք չէ չափազանցնել։

 

Վրացական իշխանությունների համաձայն՝ ընդդիմությունը չպետք է նաև այդքան զայրանա «Սոչիում անջատողական առաջնորդների ներկայությունից»։

Նույն շարքից