Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա), այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա և այդ տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը:
Նախագահը և Թաիլանդի դեսպանը հայ-թաիլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ:
Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու և երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար: