Հայաստանը եվրոպամետ քաղաքականություն է վարում անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո, այս մասին այսօր՝ «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ, ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։
«Եվրոպամետ, որովհետև մասնակցում է նաև Արևելյան գործընկերության գործընթացին, խորապես եվրոպամետ՝ ընդհուպ մինչև Բոլոնյան գործընթացում իր ներկայությունը»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ արդիական է Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա թեման: Եվ չնայած 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը՝ եվրոպական ուղղությունը շարունակեց մնալ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Իսկ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ընդունվեց համաձայնագիր, որով որոշվեց շարունակել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Եվ արդեն իսկ նշված ոլորտներն իրենցից ներկայացնում են մի մեծ շինհրապարակ, որտեղ անելիքները շատ են:
«Եվրոպական միությունը և Հայաստանը որոշում կայացրեցին վերանայել իրենց համագործակցության եզրերը: Եվ մեր խնդիրն է նոր ոգի, նոր շունչ հաղորդել համագործակցությանը, որը երբևէ չի էլ դադարել ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում»,- ընդգծեց Անրի Ռենոն:
Դեսպանը նաև նշեց, որ երբևիցե Ֆրանսիան չի դադարել սատարել Հայաստանին դեպի Եվրոպա ճանապարհին: