Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը և պատրաստ է աջակցել միջնորդների ջանքերին: Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը կայացավ մարտի 29-ին, Վիեննայում:
«Հուսադրող է երկու երկրների ղեկավարների հավատարմությունը զինադադարի ռեժիմի պահպանման և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման մասով, ինչպես նաև հուսադրող են նրանց հայտարարությունները հետագա քայլերի մասին՝ բանակցությունների վերաբերյալ, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների հասնելուն»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է Վիեննայի համաձայնությունների կատարմանը՝ կապված միջոցառումների մշակմանը հումանիտար ոլորտում, ինչպես նաև քայլերին, որոնք ուղղված են երկու կողմերի հասարակություններին խաղաղությանը պատրաստելուն, ինչի մասով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: