Արդեն հայտնել ենք այն մասին, որ կառավարության մոտ այսօր վաղ առավոտից ակցիա են իրականացնում արվեստի գործիչները, ովքեր դեմ են Օպերայի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի հեռացմանը:
Այստեղ է նաև Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, ում անունը ևս շրջանառվում էր Օրբելյանին փոխարինողների ցանկում:
Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր անունը շրջանառվել է, քանի որ արտիստներից մի քանիսն են այդպես ցանկացել, նրանք են առաջարկել: Նրա խոսքերով, պետք չէ Օրբելյանի հետ թղթաբանությամբ խոսել, նա մեծ արտիստ է, ով պետք է Հայաստանին: Սարգսյանը նշեց, որ Ղարիբյանի կողմից առաջարկություն չի ստացել, չնայած այն բանին, որ վերջինս հայտարարել է, որ Սարգսյանի անունը թեկնածուների մեջ է. «Ես այլ թատրոնից եմ առաջարկություն ստացել նոյեմբերին: Օպերայի արտիստների հետ լավ հարաբերությունների մեջ եմ գտնվում, դրա համար չեմ վախում այստեղ գալ, ետին մտքեր չկան: Ես պաշտպանում եմ Օրբելյանին, քանի որ եղել է սխալ վերաբերմունք մեծ արտիստի նկատմամբ, որը պետք է ուղղվի»:
Արմեն Սարգսյանն ակցիային մասնակցում է՝ աջակցելով Օրբելյանին: