Բավական է, որ կրթության և մշակույթի ոլորտում ազատվենք պրոֆեսիոնալներից՝ չիմանալով, թե ովքեր են նրանց տեղը գալու: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Օպերայի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Պետրոսյանը նշեց, որ Օրբելյանի պաշտոնանկության հիմքում ընկած է բացատրությունը, որ նա այդ պաշտոնին զբաղվել է օրենքի խախտմամբ, դրա համար ինքը պահանջել է իրեն տրամադրել ակադեմիական թատրոնի կանոնադրությունը, որտեղ մեկ կետ կա, որը նայելուց հետո ինքը կասի՝ ազատումն օրինակա՞ն է, թե՝ ոչ:
«Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, նա մեծ հեղինակություն է, չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել: Ազատողն էլ այն մարդն է, ով գալս է ԱԺ և ամենատարրական հարցերին, որոնց ի պաշտոնե պարտավոր է տիրապետել, չի կարողանում պատասխանել: Այդպիսի անպատրաստ մարդիկ, երբ նշանակվում են նախարար, իրենց պետք է մի քիչ զուսպ պահեն: Մեկը լինի նրան հարցնի, թե որքանո՞վ է նա՝ որպես նախարար, բավարարում այդ ոլորտի ղեկավարին ներկայացվող պահանջները: ԲՀԿ-ն միշտ կարևորել է կադրային ճիշտ քաղաքականությունը:Կադրերն են որոշում մեր կյանքի ընթացքը»,-ասաց Պետրոսյանը:
«Կադրերից պետք է ազատվել, եթե ապացուվել է այդ կադրի ոչ արժանի լինելը: Չեմ կարծում թե սա վերաբերում Օրբելյանին»,-հավելեց պատգամավորը: