Երբ հայտարարվում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սա ցանկալին իրականության հետ շփոթելու տպավորություն է թողնում: Բոլորս էլ ուզում ենք, որ դա իրականություն լինի, սակայն դա դեռ այդպես չէ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Առողջապահության փոխնախարարի ձերբակալության մասին, որ կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:
Պետրոսյանը նշեց, որ այս պահին անձի մեղավորության մասին դատողություն անել պետք չէ, քանի որ այդպիսով կխախտվի անմեղության կանխավարկածը. «Կլինի քննություն, նախաքննություն, դատաքննություն, որի արդյունքում պարզ կլինի՝ նա մեղավո՞ր է, թե՝ ոչ: Բայց այն, որ Հայաստանում այսօր կոռուպցիան ամբողջովին հաղթահարված չէ, դա իրականություն է՝ անկախ նրանից, թե ով ինչպես կներկայացնի»:
Պատգամավորի խոսքերով, կառուպցիայի դեմ պայքար կա, ԱԱԾ-ն առավել քան երբեք ակտիվ է, սակայն գործընթացները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետում. «Հանրությունն արագ լուծում է ակնկալում: Դա բացառապես իրավապահների խնդիրն է, և մենք հույս ունենք, որ կոնկրետ այս դեպքում էլ հարցն արագ կլուծվի»: