Քաղաքական 

Երբ Ադրբեջանի թուրը կտրի, նա պատերազմ կսկսի. Մենուա Հարությունյան

Այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, հայտարարեց, որ բանակցություններ տեղի չի ունեցել, այլ եղել է մտքերի փոխանակում. «Պետք է լինի նոր օրակարգ, միջազգային նորմերին համապատասխան լուծում: Ես առաջին անգամ եմ հանդիպում, երբ երկրի ղեկավարը հայտարարություն է անում սիրո մթնոլորտի վերաբերյալ, իսկ Պաշտպանության նախարար անում կոշտ հայտարարություն։

ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն իր հերթին նշեց, թե իր համար մեծ իրադարձություն է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ Պաշտպանության նախարարը հանդես եկավ նաև ֆրանսերեն լեզվով. «Մենք այլ կարգավիճակում ենք, և ես ողջունում եմ այդ ամբողջ հայտարարությունները, քանի որ ՀՀ-ն առաջին անգամ միջազգային այս հարթության մեջ արեց նման վստահ հայտարարություն»։

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն էլ նշեց, որ Փաշինյանը արել էր մի հայտարարություն, որը կյանքի չկոչեց. « Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի փոխարեն չխոսելու մասին, սակայն Վիեննայում նա հակառակը արեց, խոսեց Արցախի անունից»:

Ըստ Հարությունյանի, ամեն ինչ ընթանում է Ադրբեջանի սրտով. «Երբ Բաքվի թուրը կտրի, նա կսկսի պատերազմ և ռազմական ուժով կլուծի այդ խնդիրը»։

Վերլուծաբանի կարծիքով, նման ձևաչափով բանակցություններն անիմաստ են. «Նիկոլ Փաշինյանը բանակցեց մի մարդու հետ, ով խախտելով բանակցությունների պայմանավորվածությունը, պատերազմ սկսեց: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա հզոր տնտեսություն և մարտունակ բանակ, այլ ձևաչափ չկա»։

Նույն շարքից