Խնդիրը եղել է տեխնիկական, որևէ հաշվարկով չպետք է լիներ այնպես, որ քվորում չլիներ: Արցախ այցը չպետք է լիներ ի հաշիվ ԱԺ նիստի և հակառակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով մարտի 29-ին մեծ դժվարությամբ կայացած ԱԺ նիստի մասին, երբ նախ նիստի մեկնարկը տապալվեց «Իմ քայլի» անդամների չներկայանալու պատճառով, ապա այն ի վերջո մեկնարկեց, երբ Արցախ մեկնող պատգամավորները վերադարձան ճանապարհի կեսից:
Մակունցը չգիտի, թե ինչու միջանցքում գտնվող իշխանական պատգամավորները մուտք չեն գործել ԱԺ նիստերի դահլիճ այն պահին, երբ ԱԺ խոսնակը հայտարարում էր քվորում չլինելու մասին:
Հարցին, թե հնարավոր չէր արդյո՞ք Արցախ մեկնել քվեարկությունից հետո, Մակունցն ասել է, որ չափազանց կարևոր է եղել հենց ուրբաթ օրը լինել այնտեղ, երբ կայանալու էր Փաշինյան-Ալիև հանդիպումը. «Սա խմբակցության առաջին պաշտոնական այցն էր Արցախ, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների միջև»: