Հասարակություն 

Վարչապետը երաշխավորել է, որ «դրսից» որևէ մեկի վրա չի դրվի Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունը․ Հարություն Արզումանյան

Ապրիլի 1-ի առավոտյան կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին եկել բարձրացնելու մշակութային գործիչները՝ պահանջելով չեղարկել Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման որոշումը։ Օպերայի թատրոնի ճանաչված դիրիժոր Հարություն Արզումանյանը հայտարարեց, որ այս պահին բավարարված են վարչապետի հետ հանդիպումով։ Ինչպես նա նշեց, վարչապետը երաշխավորել է, որ դրսից որևէ մեկի վրա չի դրվի Ազգային օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները, բացի Օպերայի թատրոնի փոխտնօրենից. «Մինչ այն պահը, երբ կստանանք օրենքի այն կետերը, խնդիրները, որոնք այսպես կոչված կային, որոնք մշակույթի նախարարությունը ներկայացրել է վարչապետին»։

Հարություն Արզումանյանն ընդգծեց, որ իրենք հակափաստարկներ են ներկայացնելու մեկ այլ հանդիպման ընթացքում, իսկ այժմ տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, ներկայացված փաստարկների որոշ մասը չի համապատասխանում իրականությանը. «Պարոն վարչապետն ասաց, որ, եթե պարզվի, որ այդ փաստարկներից թեկուզ մեկ կետը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կպատժվի և կազատվի աշխատանքից»,-նշեց դիրիժորը։

Մշակութային գործիչները կշարունակեն պահանջել Նազենի Ղարիբյանի հրաժարականը, սակայն դեռ կշարունակեն աշխատել, իսկ ապրիլի 4-ին կայանալիք «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումը կներկայացվի հանդիսատեսին։

Լրագրողների հետ զրույցում Հարություն Արզումանյանը հայտարարեց, որ բացարձակ տեղյակ չէ, թե Նազենի Ղարիբյանն ում պետք է ներկայացներ այսօր՝ որպես տնօրեն։

Հիշեցնենք, որ Հասմիկ Պապյանը և Էդուարդ Թոփչյանը հերքել են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ իրենք հավակնում են զբաղեցնել Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։

Իսկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը նշեց, որ հավակնում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը, բայց մեկ այլ թատրոնում, իսկ Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացել է որոշ արտիստներից, իսկ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Մամուլում շրջանառվել է նաև մեծանուն դիրիժոր Կարեն Դուրգարյանի անունը: Մեզ հետ զրույցում, նա հերքեց այդ լուրերը՝ որակելով բամբասանք և նշեց, որ այս պահին գտնվում է Մյունխենում և դա ուղղակի անհնար է. «Նրանք, ովքեր տարածել են այդ լուրերը՝ ստախոս են»,-ընգծեց դիրիժորը։

Մաեստրոն հավելեց, որ, լինելով ստեղծագործ մարդ, չի կարող լինել տնօրեն։ Նրա խոսքով, դա նույն բանն է, որ մենեջերը բեմում ստեղծագործի։

Մյուս հավանական թեկնածուն թատրոնի նվագախմբի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանն է։ Սակայն մեզ հետ զրույցում նա նույնպես հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ դա ընդամենը ենթադրություններ են։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 28-ին Կոնստանտին Օրբելյանին ազատել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի կազմակերպվել է նաև ստորագրահավաք։

Իզաբել Սահակյան

Նույն շարքից