Քաղաքական 

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Խորհրդարանի ղեկավարը,  կարևորելով  երկու երկրների միջև գոյություն ունեցող  բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաև իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

Արժևորելով  Հայաստանի և Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջև  առկա փոխգործակցությունը՝  Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է  Հայաստան-Բրազիլիա  բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա  համագործակցության աշխուժացման համար:

Ազգային ժողովի  նախագահը  շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարևորությունը:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը: Նա ևս կարևորել   է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի  խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժևորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաև նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին  է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարևորել  փոխգործակցության ակտիվացումը  մասնավորապես  զբոսաշրջության,  գյուղատնտեսության ու  գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խթանման գործում:

 

Նույն շարքից