Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայութունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել է հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկից իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում սպաները ձեռք են բերել անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառվել գործնականում` ապրիլ ամսին անցկացվելիք հրամանատարաշտաբային և մարտավարական զորավարժությունների ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է ռազմական և հետբուհական կրթություն ստացած սպայի դերը զինված ուժերում, համոզմունք է հայտնել, որ հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցները կցուցաբերեն բանիմացության այնպիսի որակներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպային: Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցներին` դասընթացների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հարցերին:
ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը»: