Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է կոալիցիոն կառավարություն ստեղծել:
Ինչպես հաղորդում է Unian գործակալությունը՝ Գերագույն ռադայի կայքին հղումով, այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ռիբակը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը: Նա նաև ընդգծել է, որ նախագահը համաձայն է կոալիցիոն կառավարություն ստեղծելուն:
«Այդպիսի հնարավորություն դեռևս կա: Երկիրը չի կարող մնալ առանց կառավարության»,- հայտնել է Ռիբակը:
Գերագույն ռադայի ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Սահմանադրության մեջ փոփոխություններ ներմուծելու տարբերակների շուրջ առկա տարաձայնությունների մասին, որոնք առաջարկել են ընդդիմադիր խմբակցությունները:
Նա ընդգծել է, որ այս հարցում իշխանություններն առավել կառուցողական դիրքորոշում ունեն և մտադիր են քննարկել բոլոր առաջարկվող տարբերակները Ուկրաինայի նոր Սահմանադրության տեքստի համաձայնեցման համար: