Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր մեր պետության և ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Այս համազգային խնդիրը բոլորիս խնդիրն է, Արցախի խնդիրն ամբողջ հայ ազգի խնդիրն է, միայն Հայաստանում և Արցախում ապրողներին չի վերաբերում: Սա մեծ դաս էր մեզ, որ մեր տնային աշխատանքը լավ կատարենք: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ հիմա պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել հզորացնել բանակն ու տնտեսությունը, որը բանակի թիկունքն է, և միշտ պատրաստ լինել նոր պատերազմի, որը մեզ կբերի խաղաղություն. «Երբ պատերազմին պատրաստ ես, դա խաղաղության հիմնական գրավականն է: Եթե մենք պատրաստ չեղանք պատերազմի, խաղաղություն չենք ունենա, իսկ հիմա մենք ավելի քան երբեք պատրաստ ենք պատերազմի, քանի որ մենք մեր դասերը քաղել ենք»:
ԱԺ պատգամավորի խոսքերով, ամեն մարդ իր տեղում իր գործը պետք է լավ անի, որպեսզի վերջում ունենանք ամուր երկիր:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խաղաղ բանակցությունները շարունակվեն, քանի որ խնդիրն ուժային լուծում չունի: Բայց եթե մեզ վրա հարձակվեն, մենք չպետք է մտածենք նոր հողեր կորցնելու մասին, պետք է տրամադրված լինենք նոր տարածքներ ազատագրելուն: Սրա մասին է եղել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Հակառակորդը պետք է հասկանա, որ նոր պատերազմի արդյունքում նոր տարածքներ է կորցնելու»,-ասաց Մարուքյանը: