Ռազմածովային ուժերի ոլորտի ամերիկացի մասնագետները շատ ցածր են գնահատել Միացյալ Նահանգների ափերի կողմն ուղղված իրանական 2 նավերի մարտական հնարավորությունները։
Ինչպես նշում է Лента-ն, մասնավորապես Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Մայքլ Էյզենշտադտը դրանք անվանել է «հին, ժանգոտած տախտակներ», որոնք որևէ սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան նավերի համար։
Փորձագետներից մյուսի՝ Քրիստոֆեր Հարմերի կարծիքով՝ իրանական 2 նավից որևէ մեկը չի կարելի տակտիկական տեսանկյունից հզոր անվանել, քանի որ դրանք բավական հին են։
Մասնագետները համակարծիք են այն հարցում, որ իսլամական պետության ղեկավարները նման քայլի են գնացել շարքային իրանցիներին համոզելու համար, թե իրենց ռազմական նավատորմը հզոր է։
«Սաբալան» և «Հարգ» նավերը ներկայում գտնվում են Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ, սակայն պատրաստվում են անցնել դեպի Ատլանտյան օվկիանոս։