Հասարակություն 

Նման բան չի կարող լինել․ Սասուն Միքայելյանը՝ ՀՀԿ-ականների վարչության կազմում ընդգրկվելու մասին

Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը:

Նիստի մասնակիցներից գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը հայտնել է, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու, և ներկաների միաձայն համաձայնությամբ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, իսկ հարցին՝ թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանի հեռանալուց հետո ԵԿՄ-ն թուլացել է պատասխանել է․ «Բնականաբար, սակայն երկրապահը եղել է, կա ու կմնա»։

Պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել, համագումարի ընթացքում կձևավորվի վարչության կազմը և կհաստատվի, թե ովքեր են այդ կազմում ընդգրկված:
Ամբողջացնելով ԵԿՄ-ի գործունեությունը՝ Սասուն Միքայելյանը կոնկրետացրեց ԵԿՄ-ի նպատակները․ «Համալրել ԵԿՄ-ն, տարաձայնությունները դուրս հանել ԵԿՄ-ից և համախմբված լինել արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»։

Պարոն Միքայելյանի կարծիքով ՀՀԿ-ականները չեն ընդգրկվելու վարչության կազմում, ըստ նրա՝ նման բան չի կարող լինել․ «Ես նույնպես Հանրապետական եմ եղել»,-ավելացրեց պարոն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի խոսքերով, ԵԿՄ-ն առանձնացված համակարգ է, և ինքը չի թողնելու, որ այն գործի իշխանության հովանու ներքո․ «Նախորդ իշխանության օրոք ԵԿՄ-ն, որը եղել է իշխանության կցորդ, նման բան չպատկերացնեք»։

Նշենք, որ ԵԿՄ հաջորդ համագումարը տեղի կունենա ապրիլի 7-ին, որի ժամանակ կընտրվի միության նոր նախագահը։

Նույն շարքից