Ինչու չի կարելի բացառել, որ ՀՀ կառավարության հրաժարականը պահանջող որոշ ուժեր իրենք են ցանկանում վերադառնալ իշխող կոալիցիա, փետրվարի 13-ին լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Միգուցե այդ քաղաքական ուժերը պարզապես խուսափո՞ւմ են Տիգրան Սարգսյանի կերպարից, այդ պատճառո՞վ են գործող կառավարության հրաժարականը պահանջում: Ինչո՞ւ հարցին այս տեսանկյունից չնայել», - հարցրել է Աշոտյանը:
Ըստ նրա՝ մինչեւ մարտ ՀՀ նախագահի աշխատակազմը 2013թ. ֆինանսատնտեսական արդյունքների մանրամասն վերլուծություն կկատարի եւ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ: «Եթե ոչ բավարար տնտեսական աճի հիմքում ընկած են օբյեկտիվ գործոններ, ապա քաղաքական դաշտի որոշակի հատվածից հնչող քննադատությունը կոնյուկտուրային-քաղաքական բնույթ է կրում: Ես տնտեսագետ չեմ, սակայն տնտեսագիտական տեսանկյունից, առնվազն, մեկ ցուցանիշ, անկասկած, կատարվել է. աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճը», - հավելել է կրթության եւ գիտության նախարարը: