Այսօր, քան երբեւէ, բարձր հիմքերի վրա է գտնվում Ազգային ժողով-ՀՀ պաշտպանության նախարարություն համագործակցությունը: Այս մասին, փետրվարի 12-ին, Տավուշի մարզի զորամասերից մեկում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Տավուշի մարզ է ժամանել աշխատանքային այցով:
ԱԺ նախագահին զինվորները դիմավորել են առանձնահատուկ ոգեւորությամբ՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
Աբրահամյանը նշել է, որ ՀՀ նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը կարեւորում ու մշտապես ուշադրության կենտրոնում են պահում սահմանապահ զինվորների խնդիրները ու պարբերական այցերի միջոցով փորձում են աջակցել խնդիրների լուծմանը:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների գործողություններին՝ նա ընդգծել է, որ մեր զինվորների կողմից համապատասխան հակահարված տրվում է: «Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջեւ դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի: Ինչեւէ, Ադրբեջանի իշխանությունները դեռեւս ողջամիտ քաղաքականություն չեն դրսեւորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը»,- ասել է օրենսդրի ղեկավարը: Նա ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ՀՀ նախագահի գլխավորությամբ հայոց բանակի կողքին են: Խորհրդարանի նախագահը խաղաղ եւ անվտանգ ծառայություն մաղթեց զինվորներին:
Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր հաղթական քայլերթ, որից հետո ԱԺ նախագահը շրջեց զորամասում, ծանոթացավ զինվորների առօրյային ու խնդիրներին:
Այնուհետեւ ԱԺ նախագահը բարձրացել է սահմանապահ դիրքեր, թեյի սեղանի շուրջ զրուցել սպայական անձնակազմի ու զինվորների հետ: Նա շրջել է անձնակազմի կացարաններում, ծանոթացել պայմաններին եւ խոստացել բարձրացված խնդիրներին լուծումներ տալ:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը ձեռնունայն չէր գնացել զորամաս ու սահմանային հենակետ. տրվել է այլընտրանքային հոսանքի աղբյուր հանդիսացող սարքեր, հեռուստացույց, DVD նվագարկիչ եւ այլն: