«Հայկական առողջապահական ազգային խորհորդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալության վերաբերյալ Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի դրսևորումը, մասնավորապես, առողջապահության ոլորտում արատավոր երևույթ է և այդ հարցի հետ կապված բարձրաձայնել է․ «Ես բազմիցս խոսել եմ, որ առողջապահության ոլորտում նման խնդիրներ և նման ռիսկեր կան»:
Նրա խոսքով, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն իրականացնել։ Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ հայտարարությունների համար իրեն հակադարձել են՝ ասելով, որ նոր նախարարը կլուծի այդ խնդիրները․ «Սակայն, ինչպես տեսանք, այս նոր նախարարության փոխնախարարը, որը ղեկավարում էր առողջապահության ֆինանսական ոլորտը, կոռուպցիա իրականացնելու մեղադրանքով ձերբակալվեց՝ այսինքն, ոչ մի իրավիճակ էլ չփոխվեց»։
Բժիշկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ անձամբ է ճանաչում Արսեն Դավթյանին․ «Նա շատ կոմֆորմիստ էր, իմանալով իր բնավորության գծերն, ինձ մոտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք նա միայնակ կարող էր դա անել»։ Վերջինս այս ամենի հետ է կապում նաև Արսեն Թորոսյանի հայտարարությունը․ «Հաշվի առնելով նաև օրեր առաջ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արած հայտարարությունն այն մասին, որ «Հնարավոր չէ նախարարը տեղյակ չլինի, որ փոխնախարարը կոռուպցիայի մեջ թաթախված լինի», այս ամենը հիմք է նոր ու ավելի խորը վերլուծություններ անելու»։
Ըստ Գրիգորյանի, այս ամենի հետ կապված կա երկու մեկնաբանություն․ «Առաջինն այն է, որ Արսեն Թորոսյանը կոմպետենտ չէ իր պաշտոնին, քանի որ չի կարողանում վերահսկել իրավիճակը, իսկ երկրորդը՝ Արսեն Թորոսյանը տեղյակ է եղել այս ամենին»։
Պարոն Գրիգորյանի կարծիքով, կոտրվեց ամենաարարդյունավետ աշխատող նախարարության կարծրատիպը, որը կար ԱՆ-ի նախարար Արսեն Թորոսյանի և նրա թիմի նկատմամբ։