Քաղաքական 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ՄԱԿ ԱԽ-ում հանդես է եկել ելույթով

Փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։


Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշել է, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը:


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

Նույն շարքից