Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաև դե յուրե, և այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը։ Փոխանցում է News.am-ը:
«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը․ «Հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»։