Քաղաքական 

ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ քրգործ է հարուցվել

Երևանում փետրվարի 11-ին մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն: 

 

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:

Նույն շարքից