Նախորդ շաբաթ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցներից մի քանիսը անդրադարձան ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գործին: Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչը, անդրադառնանք այն իրավական հարցերին, որոնք հնչեցվեցին ռուսական ԶԼՄ-ներով:
- Կալանքի հիմնավորվածությունը. Ռուսական ԶԼՄ-ները կարևորվում են խափանման միջոցի՝ կալանքի հարցը: Սա այն հարցն է, որի մասին բազմիցս խոսել ենք նաև մենք, խոսել են փաստաբանները և մասնագետ-իրավաբանները: Թեև նախաքննության ընթացքում ևս կալանքի հիմնավորվածությունը խոցելի էր, բայց նախաքննության ավատից հետո այդ հիմքերը իրապես սպառել են իրենց: Հիմքերից առաջինը, որ վերաբերում էր գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, լիովին կորցրել է իր նշանակությունը, քանի որ նախաքննությունն ավարտված է, իսկ հաջորդ հիմքը՝ փախուստի վտանգը երբևէ բավարար հիմնավորվածություն չի ունեցել, խոցելի է եղել նախևառաջ այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից: Եվ դատարանի որոշումը նախաքննության ավարտից հետո խափանման միջոցը թողնել նույնը հաստատում է մտահոգությունն այն մասին, որ կալանքը Հայաստանում կիրառվում է ամենևին ոչ այն նպատակով, ինչի համար քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է:
- Դատական համակարգի անկախություն. Ռուսական ԶԼՄ-ները խոսում են դատարանի անկախության խնդրի մասին, հղում անելով նաև հայտնի գաղտնալսումներին: Սա այն խնդիրն է, որի շուտափույթ կարգավորումը կարևոր է ոչ միայն Մարտի 1-ի գործի քննության, այլև ընդհանրապես ամուր, իրավական պետություն ունենալու ենթատեքստում: Արդար և չուղղորդվող դատավարությունը միայն ու միայն նպաստելու է իրավական գործընթացները քաղաքականացնելու վտանգավոր պրակտիկային վերջ տալուն: Ռուսական ԶԼՄ-ները, դատարանների վրա առկա ճնշումների ենթատեքստում անդրադառնում են հայտնի գաղտնալսմանը։ Մի բան, որի մասին մենք դեռևս ամիսներ առաջ զգուշացրել ենք. Դա փաստ է, և այն միջազգային հանրության և ՄԻԵԴ-ի համար ունենալու է կարևորագույն նշանակություն, անկախ հայաստանյան ներքին միջավայրում դրա հերքման կամ այլևայլ մեկնաբանությունների փորձերի։
- Փաստաբանների նկատմամբ ճնշում հասարակության լայն շերտերի կողմից. Հասարակության մեջ ձևավորված անհանդուրժողականության մթնոլորտը, «սոցցանցային արդարադատությունը», փաստաբանների նկատմամբ գրոհները չեն վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների աչքից: Հասարակությունը հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների բաժանելը բերել է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում իրենց պարտականությունը կատարող փաստաբանների նկատմամբ խիստ անհանդուրժողական վերաբերմունքի: Այս միտումը ակնհայտորեն վնասելու է արդար դատավարության սկզբունքին, քանի որ առանց փաստաբանության հնարավոր չէ իրականացնել իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն։
- Քննվող գործին միացված այլ անհիմն քրեական գործեր. Խոսքն այստեղ թերևս «սիլվայական արդարադատության» մասին է: Երբ մի կնոջ մերկապարանոց և իրար հակասող հայտարարությունների հիման հարուցվել են մի շարք քրեական գործեր: Սրանք ապագա չունեցող գործեր են, որոնք մի պահից պարզապես «ջախջախվելու» են:
- Անձեռնմխելիությունը. Անձեռնմխելիության վերաբերյալ իրար հակասող հիմնավորումները և վերլուծությունները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Սա այն հարցն է, որին պետք է տրվի իրավական պատշաճ գնահատական: Սա սահմանադրական նորմ է, հետևաբար չի կարող ենթարկվել կամայական մեկնաբանության:
Սրանք այն իրավական հարցերի մի մասն են, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Եվ պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներն ֆիքսել են այս իրավական խնդիրները։ Հասկանալի է, որ դրանք մանրամասն քննվելու են նաև Եվրոպական դատարանի կողմից և դրանց տրվելիք գնահատականները վստահաբար կարելի է կանխատեսել:
Ու թեև ՀՀ -ում արդարադատության նկատմամբ վտահության դեֆիցիտ կա, ուզում եմ հուսալ, որ կգտնվի կամք ավարտել գործերը մեր դատական համակարգով, հակառակ պարագայում իրավական խնդիրների այս համակցությամբ դրանք ՄԻԵԴ-ում անշուշտ պարտվելու են։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»