ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին և «Սիվիլնեթ» լրատվականին
Ապրիլի 2-ի ամենակարևոր պատգամն այն է, որ, անկախ ամենից, մենք բոլորս՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Սփյուռքում, որտեղ, որ բնակվում ենք, ունենք բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ կարող ենք ունենալ համաձայնություն կամ ավելի նվազ համաձայնություն, անհամաձայնություն, բայց մեկ հարց, որն այդքան ամուր համախմբում է մեզ, որպես մեկ ազգ, Լեռնային Ղարաբաղի հարցն է, Արցախի անվտանգության հարցը: Սա է արտահայտում և շեշտում այդ մեր պատգամը, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը մեզ համար մարդկանց հարց է և մարդկանց էքզիստենցիալ անվտանգության հարց է: Այն համախմբվածությունն ապրիլի 2-ին և այդ քառօրյա պատերազմի ընթացքում, այդ չորս օրվա ագրեսիայի հետևանքով հայության համախմբվածությունը, որտեղ էլ, որ գտնվեին, առավել քան արտահայտությունն էր այն բանի, թե որքան վճռական ենք մենք ինքնապաշտպանվելու և պաշտպանելու այն, ինչ որ մեզ համար նշանակություն ունի. Արցախի 150 000 բնակչությունը, Արցախի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները: Իրենք մեր հավաքական միասնական ինքնության պաշտպանն են. մի ժողովրդի համար, որը դեռևս պայքարում է ժխտված արդարության դեմ։ Շատ ավելի խորքային է, երբ ասում ենք էքզիստենցիալ անվտանգության գերակայության մասին: Դրա իմաստը շատ ավելի խորքային է ինձ և յուրաքանչյուր հայի համար, որ 150 000 հայերն արտահայտում են ինքնության հանդեպ մեր խորը զգայունությունը, և դրանով է արտահայտվում մեր համախմբվածությունը ու վճռականությունը պաշտպանվելու, պաշտպանելու, ինքնապաշտպանվելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այն, ինչ կոչվում է անվտանգություն։ Արցախն ի ցույց բերեց իր կարողությունը պաշտպանվելու, և Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը. որևէ այլ համակարգ այսօր գոյություն չունի։