ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Քննարկվել են հայ-վրացական խորհրդարանական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերի առավել ընդլայնումն ու խորացումը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:
Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններին: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կառավարման պայմաններում օրենսդիր մարմնի առանցքային դերակատարությունն ինչպես պետականաշինության, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության իրականացման հարցում:
Հանձնաժողովի նախագահը և դեսպանը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, համակարծիք են եղել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման հարցում: Նրանք ընդգծել են, որ խաղաղությունն ու անվտանգության ապահովումը տարածաշրջանի զարգացման կարևոր գրավականն են: