Արմեն Հակոբյանին ճանաչում եմ շուրջ 30 տարի: Այո, մենք նույն կուրսում ենք սովորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Տոնոյանը՝ խոսելով «Օպերի Արմեն» անունով հայտնի Հակոբյանի մասին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ քաղաքացու հարցն Ազգային ժողովում բարձրացրել էր Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: (Պատգամավորն այսպես էր անվանել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին):
«Երբ մարդուն ճանաչում ես, վստահում ես և աշխատանք ես առաջարկում, առաջին գործն այն չէ, որ նրանից պահանջես եկամուտների հայտարարագիր ներկայացնի քեզ: Դու նայում ես նրա անցած ճանապարհը և նաև այն բեռը, որը դնելու ես նրա վրա: Եթե օրենքով սահմանված կարգով պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարագիր է ներկայացրել՝ ներկայացնելով այն, ինչ կա, այդ ներկայացրածը ծագումնաբանական առումով ինձ չի հետաքրքրում: Սակայն եթե կան մարմիններ, որոնց դա հետաքրքրում է, ազատ են իրենց գործողություններում: Սա նաև հասարակությանն է վերաբերում»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքերով, իրեն հետաքրքրում է, թե ինչպիսի բեռ է դրել անձի վրա և կարողանում է արդյո՞ք նա այդ բեռը տանել, թե՝ ոչ. «Չեմ ասում՝ եթե նախկինում մարդիկ հանցագործություն են արել, դա պետք է քողարկենք: Եթե ինչ-որ մեկը նրա եկամուտների ծագումնաբանությունը գիտի և կարծում է, որ այն անօրինական ճանապարհով է ձեռք բերվել, ազատ է: Սա բոլորիս է վերաբերում: Ոչ ոք անփոխարինել չէ, ոչ էլ՝ վերին արտի ցորեն: Եթե կա դատապարտելի վարքագիծ, բոլորս միասին պետք է դատապարտենք»: