Քաղաքական 

Մերկելն ու Կլիչկոն կհանդիպեն Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը կհանդիպեն Բեռլինում հաջորդ երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bild գերմանական թերթին:

 

«Այդկերպ Մերկելն առաջին անգամ անմիջականորեն միջամտում է նոյեմբերից շարունակվող կոնֆլիկտին»,- ասված է հոդվածում:

 

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության դաշինքից արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Էլմար Բրոքը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը, կարծում է, որ Կլիչկոյի այցը ցույց է տալիս «Գերմանիայի կառավարության միջնորդական աշխատանքի արդյունավետությունն ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնելու գործում»:

 

«Այժմ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները Ուկրաինային սահմանադրական ուղուն մոտեցնելու համար»,- եզրափակել է Բրոքը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 29-ին հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել էին Ուկրաինայի գործերին արտաքին միջամտության անընդունելիությունը:

Նույն շարքից