Դեռևս ամիսներ առաջ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում շրջայցի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղացիներին խոստացել էր լուծում տալ տարիներ շարունակ բնակիչների համար խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման հարցին:
Այսօր արդեն տեղեկացնում ենք, որ խոստացված ժամկետում՝ մարտի սկզբին, մեկնարկել և լայն թափով ընթանում են դրենաժների կառուցման աշխատանքները: Մասնագետներն արդեն իսկ կատարել են ջրահեռացում, այս պահին ընթացքի մեջ են պոմպակայանի կառուցման աշխատանքները:
Նշենք, որ դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել էին դեռևս 2017 թվականին, սակայն կիսատ էին մնացել: Աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով կառավարությունը հետգանձում է արել հատկացված 99․964․2 դրամը։
Մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերով կառավարությունը կրկին հատկացրել է գումարը՝ դրենաժի շինարարական աշխատանքները վերսկսելու համար։ Նախատեսվում է այս աշխատանքներն ավարտին հասցնել տարեվերջին։
Բանավանը գտնվում է Արարատ քաղաքի հարավ-արևելյան մասում, տեղակայված 827-838մ բացարձակ նիշերի սահմաններում և զբաղեցնում է մոտ 14 հա հողատարածք։ Բանավանի շենքերի և շինությունների հիմքերը գտնվում են ջրասուզված վիճակում, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել անցանկալի հետևանքների։ Ջրակալման հիմնական պատճառը ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր տեղադիրքն է։ Բանավանի շինությունների հիմքերը ստորերկրյա ջրերով ջրակալումը վերացնելու և շինարարական նորմերով սահմանված խորությունների վրա պահելու համար անհրաժեշտ էր մշակել ջրիջեցման և ջրահեռացման համապատասխան միջոցառումներ։ Նման դեպքերում ստորերկրյա ջրերի վնասակար ազդեցությունը կանխելու կամ բացառելու համար կիրառվում են տարբեր միջոցառումներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում դրենաժային համակարգի կառուցումը։
Արարատի մարզպետարան