Հասարակություն գլխավոր 

Գևորգ Կոստանյանը ողջունում է ԱԱԾ-ի օպերատիվ հետախուզական միջոցառումները

Անկախ կարգավիճակից, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր երկրի համար իր հնարավորությունների չափով ձեռնարկել միջոցներ, որոնք կհանգեցնեն երկրի բարօրությանը: Իսկ եթե երկրի բարօրությանը քո միջամտությունը պայմանավորված է պաշտոնական դիրքով, դա առնվազն ինձ չի վերաբերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Այսօր՝ ապրիլի 3-ին, Գևորգ Կոստանյանի և Քննչական կոմիտեի համագործակցության արդյունքում ծնված ուղեցույցի շնորհանդեսն էր: Այն ստեղծվել է քննիչների համար և վերաբերում է  քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը, կալանքի տակ պահելու ժամկետին։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ինքը շուտով պաշտոն է ստանալու, Կոստանյանն ասաց, որ որևէ նման հրապարակման չի արձագանքել. «Ես ասել եմ ու ասում եմ, որ ինձ համար միակ կարևորությունը, որն արժեք է ներկայացնում, դա իմ հնարավորությունների օգտագործումն է պետությանը: Այս նախաձեռնությունը, որը ընդունեցի Գրիգորյանի կողմից, ուղղված է նրան, որ մենք կարգավորենք անձի ազատության երաշխավորման կոնցեպցիան: Ինչ կապ ունի, թե ինչ կարգավիճակ ունեմ: Եթե կարող եմ օգտակար լինել երկրին, կլինեմ:

Կոստանյանը նշեց, որ ինքը պետական համակարգում եղել է 1995 թվականից. «Ինձ համար որևէ նշանակություն չի ունեցել կարգավիճակը: Ես միշտ անկախ կարգավիճակից արել եմ այն, ինչ անում եմ հիմա»:

Նախկին դատախազը չպատասխանեց հարցին՝ պաշտոն ստանալու առաջարկ ստացել է, թե՝ ոչ՝ հավելելով, որ առաջիկայում կանդրադառնա հանրային հնչեղություն ունեցող գործերին՝ դրանց քննության որակի հետ կապված, ինչպես նաև այն գործերին, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել:

«Վերջերս ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք հանգեցրեցին մի շարք կոռուպիցոն հանցագործությունների բացահայտմանը, ինձ համար ողջունելի է»,-ասաց Կոստանյանը՝  նշելով, որ դա վերաբերում է նաև Առողջապահության փոխնախարարի և ձերբակալված դատավորի գործերին:

 

 

 

Նույն շարքից