Քաղաքականություն 

«Կուտակային»-ի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել. 4 ոչ իշխանական ուժերի հայտարարությունը

analitik.am

Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության գործունեությանը՝ ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ ամբողջովին սատարում են ՀՀ քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ են անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:

 

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:

 

ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը: Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները:

 

Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը: Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն


«Ժառանգություն» խմբակցություն


«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Նույն շարքից