ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին:
Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժևորելով կառույցի գործունեությունը, բարձր է գնահատել նրա դերակատարությունը ժողովրդավարական գործընթացներին աջակցության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով համատեղ իրականացվելիք ծրագրերի համար նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է համապետական վերջին արտահերթ ընտրություններից հետո որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթների առանձնահատկությունները, այն քայլերը, որոնք ուղղված են Ազգային ժողովի, պատգամավորների և աշխատակազմի կարողությունների հզորացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Սթեֆան Նիքսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու և Հայաստանում կայացած ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Նրա հավաստմամբ` Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խորհրդարան-հասարակություն կապի սերտացմանը միտված ծրագրերին:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական միջազգային փորձի ուսումնասիրության, վերապատրաստման դասընթացների անցկացման, ճանաչողական այցերի կազմակերպման կարևորությունը, անդրադարձ է եղել խորհրդարանի գործունեության թափանցիկությանը միտված քայլերին: