Քաղաքականություն 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինության նախարարությունում

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Քաղաքաշինության նախարարություն: Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով եւ առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես, Քաղաքաշինության քաղաքականության եւ տարածական պլանավորման վարչությունում նախագահին ներկայացրել են կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգն ու դրա առավելությունները: Բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության աշխատանքներին: Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, որտեղ նախագահին ներկայացրել են առցանց համակարգով պետական շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության գործընթացը եւ շինարարական մրցույթների կազմակերպման էլեկտրոնային համակարգը:

Շրջայցն ավարտելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Քաղաքաշինության նախարարը, նախարարի տեղակալները, Քաղաքաշինական պետական տեսչության պետը եւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների եւ զարգացման ծրագրերի մասին. ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նախագահին ներկայացրել է 2012-2013թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին եւ առաջիկա անելիքներին: Ներկայացված աշխատանքների հետ միասին նախարարն իր զեկույցում կարեւորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը միտված է նպաստելու կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը եւ պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ս. Թադեւոսյանն առանձնացրել է նաեւ սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները: Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել:

Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն իր զեկույցում ներկայացրել է քաղաքաշինական ծրագրավորման եւ տարածական պլանավորման խնդիրները, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները:

Նախարարի մեկ այլ տեղակալ Ալեքսան Կարապետյանը զեկուցել է հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ընթացքի եւ հետագա աշխատանքների մասին:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սեւադա Հայրապետյանը զեկուցել է տեսչական ստուգումների արդյունքների եւ ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգի մասին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, մարդկային ռեսուրսների եւ ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Քաղաքաշինության նախարարության առաջիկա խնդիրներին եւ գործունեության գերակա ուղղություններին:

Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը:

Նույն շարքից