Ես հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում: Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել:
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի խնդիրն այն է, որ գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով, դրա համար սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել: Տնտեսվարողներին արդեն տեղեկացվել է, որ ամեն օր ճիշտ տեղեկատվություն տրամադրվի խտության մասին, որպեսզի սպառողներն իմանան դա։

ԱԳԼՃԿ-ների կողմից մինչ այս արվածը կարող է դիտարկվել որպես միտումնավոր չարաշահում:
Վարչապետի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ գազալցակայանների տերերը փորձում են այս քայլերով պրովոկացիա անել՝ առաջացնելով սպառողների դժգոհությունը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեսականորեն չբացառեց դա՝ նշելով, որ ամեն օր պետք է գազի խտության մասին տեղեկատվություն հրապարակվի:
Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարության որևէ գործողության արդյունքում գազի թանկացում չի եղել, իսկ օրենքը, որը վերաբերում է գազը կիլոգրամով վաճառելուն, դեռ չի ընդունվել, ընդունվելու դեպքում էլ գազի գնի վրա այն չի կարող ազդել. «Այստեղ կարող ենք գործ ունենալ նրա հետ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես զգուշացնում եմ բոլորին վերջին անգամ, որևէ մեկը թող չփորձի մեր բարեկրթությունը մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես: Բոլորը՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես շատ ուղիղ և հասցեական եմ ասում: Հետևաբար բոլոր մարմինները, ովքեր ունեն այս հարցում իրավասություններ, արագ պետք է արձագանքեն և պատժեն այն տնտեսվարողներին, ովքեր փորձում են մանիպուլյացիաներ անել»:
Վարչապետ, դմելով ՊԵԿ նախագահին, ասաց, որ ստվերի դեմ պայքարում կոմպրոմիս պետք է չլինի, իսկ եթե գազալցակայանը ՀԴՄ տպելով պետք է սննկանա, թող սննկանա:
Ապա դիմելով ԱԱԾ տնօրենին՝ վարչապետ Փաշինյան ասաց, որ Հայաստանում խոսքի ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու հասարակական կարծիքի մանիպուլյացայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է, դրա համար ԱԱԾ-ն պետք է կարողանա այդ հարցում արդյունքներ գրանցել. «Սոցիալական ցանցերում ընդհուպ հեղափոխության դրոշով հանդես եկող ֆեյքեր կան, որոնք բռնությունների կոչեր են անում»: