Բարի օր Տնտեսություն 

Ինչո՞ւ են ուշացել նպաստները․ Նիկոլ Փաշինյանն անուններ է պահանջում

analitik.am

Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ցանկացավ իմանալ, թե ինչու է ուշանում  նպաստների վճարելը:

Տիկին Բաթոյանը նշեց, որ նպաստները մի քանի պատճառով է ուշանում. «Նշեմ, որ հիմնադրամի կողմից նպաստների վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել, իսկ մեկ այլ փուլում խնդիր է եղել տեղում սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ այդ վճարումներն իրականացնելու հետ»:

Բաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ հարցը լուծվել է, մարտի 29-ից հետո Հայփոստը պետք է 10 օրվա ընթացքում վճարի. «Բայց մենք տեխնիկական խնդիր ունենք: Այս պահին մենք համագործակցության արդյունքում հարցը լուծել ենք թղթային տեղեկանքների միջոցով, սակայն հաջորդ ամիս պետք է տեխնիկական ապահովում իրականացնենք: Հաջորդ ամսվա համար շրջաբերական է ուղարկվել և քննարկումներն իրականացվում են»:

Վարչապետի հարցին, թե երաշխավորված ենք արդյո՞ք, որ մյուս ամիս ուշացումներ չեն լինի, նախարարն ասաց, որ տեխնիկական ապահովվածություն պետք է լինի, որը իրենցից կախված չէ։

Հարցին փորձեց պատասխանել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը․  «2017 թվականի մայիսին Կաառվարությունը որոշում է ընդունել, որով սահմանել  է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը և այդ կարգով նախատեսվել է, որ այն ՀՀ-ում կլինի վավեր միայն «Էկենգ»-ի կողմից թողարկված հավաստագրերի դեպքում, իսկ մյուս թողարկված հավաստագրերը որոնք կիրառվում են մեր երկրում չեն ունենա վավերություն, ուշացման պատճառը եղել է այն, որ մինչ այդ օգտագործվել է Ֆինանսների նախարարության կողմից թողարկած հավաստագրերը և այդ հավաստագրերի ժամկետը ավարտվել է մարտի 22-ին»։

Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ հոկտեմբերից տեղեկացրել են Էլեկտրոնային գանձապետարանի օգտատերերին այս նոր համակարգին անցնելու համար այդ ժամանակհատվածում ձեռք բերել համապասխան հավաստարագրերը, սակայն մարտի 22-ի դրությամբ 10 000 օգտատերերից միայն 3 000-ն է ձեռք բերել։

Վարչապետին անհանգստացրեց այս խնդիրը և նա Ջանջուղազյանին ասեց, որ իրեն ներկայացնի այն պաշտոնատար անձանց անունները ովքեր այդ հարցով չեն զբաղվել․ «Ես բառացիորեն ուզում եմ այդ մարդկանց ցուցակները, ում անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները չեն ստացել իրենց նպաստները»։

 

Նույն շարքից