Քաղաքական 

Ներողությունով հարցը չպետք է փակվի, մենք պետք է կտրուկ փակենք նրանց ախորժակը, այդ թվում՝ նաև բալանդով. Նիկոլ Փաշինյան

Մենք անորակ ճանապարհաշինարարությունը պետք է բացառենք, և ոլորտի պատասխանատուներն անձնական պատասխանատվություն են կրում սա ապահովելու համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մասնավորապես Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մասին:

«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այդ ճանապարհը վատ կառուցելու արդյունքում պետությունը վնասներ չի կրել, որովհետև մենք պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրել, որ այդ ճանապարհը դեռ անցած տարի բերվի լավ վիճակի: Ես կենտրոնացել եմ այդ ճանապարհի վրա, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի օր անց պաշտոնական այց եմ ունեցել Թբիլիսի, որտեղ գործարար համայնքի հետ հանդիպմանը տուրիստական բիզնեսի ներկայացուցիչներն ասել են, որ ճանապարհի սարսափելի վիճակի պատճառով տուրիստ չեն կարողանում բերել Հայաստան: Քանի որ այդ ճանապարհը շարունակում է այդ վիճակում մնալ, իմ ցանկությունն է, որ դրա պատասխանատուները կրեն քրեական պատասխանատվություն և հայտնվեն բանտում»:

Վարչապետի խոսքերով, այս տարի ռեկորդային թվով ճանապարհներ պետք է կառուցվեն, պետք է բացառվի, որ դրանց որակը կարող է վատը լինել. «Ճանապարհը ՀՀ-ում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղը: Ոմանց ախորժակը, ինչպես երևում է, չի փակվել: Մենք պետք է կտրուկ փակենք նրանց ախորժակը՝ այդ թվում՝ նաև բալանդով: Եթե օրենսդրական գործիքների խնդիր ունենք, պետք է անենք այդ փոփոխությունները: Ներողությունով հարցը չպետք է փակվի, եթե բյուջեից փող են ստացել, սակայն ճանապարհը որակով չեն կառուցել: Թող դատախազությունն ուսումնասիրի հարցը: Եթե պարզվի, որ չկա քրեաիրավական հարաբերություն, մենք օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կանենք»:

 

Նույն շարքից