Լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ճարահատյալ այս անգամ էլ ֆեյսբուքյան այս հարթակը օգտագործենք հրատապ այս հարցի վրա պատկան մարմիների ուշադրությունը գրավելու համար:
Մի քանի տարի առաջ Այրում համայնքում սարի փլուզման հետեւանքով հինգ մարդ զոհվեց, սարը փլվեց եւ Այրում-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկող մի քանի մեքենաներ մնացին հողի շերտի տակ: Երեւի կհիշեք... հիմա նույն սարի վրայի ժայռային հատվածն առանձնանում է հողային հատվածից եւ փլուզումն անխուսափելի է: Անձամբ ես, Այրում համայնքի ղեկավարը, տեղական լրատվամիջոցները դեռեւս մարտի 8-ին, 10-ին, 11-ին տարբեր միջոցներով ահազանգել ենք խնդրի մասին: ԱԻՆ-ից եկել խնդիրը ուսումնասիրել են, որակել են հրատապ: Ինչպես տեղեկացրեցին ինձ ԱԻՆ-ից պարոն Արտակ Նահապետյանը, հարցի մասին գրավոր իրազեկել են Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությանը: Անցել է գրեթե մեկ ամիս ոչ մի արձագանք հրատապ այս հարցի շուրջ: Մի քանի օր առաջ ծավալուն մի քարաբեկոր արդեն պոկվել եւ ընկել է Հայաստան-Վրաստան միջպետական վերոնշյալ ճանապարհահատվածի երթեւեկելի հատվածը: Բարեբախտաբար, մարդկային եւ նյութական վնասներ չենք կրել: Բայց՝ բարեբախտաբար:
Խնդրում եմ, առավել արագ եւ առաջնահերթ այս հարցը դարձնել հրատապ քննարկման նյութ՝ իր համապատասխան լուծումներով, քանի որ մեր առաջին եւ երկրորդ տասնօրյան ընդմիջումով այցերի ընթացքում, ճեղքվածն ընդլայնվել է՝ մոտ 12 սմ-ից դառնալով 28սմ: Կրկին ենք բարձրաձայնում այս հույժ կարեւոր հարցը
Աստված մի արասցե, կորուստների դեպքում համայնքաբնակներս դա չենք ներելու: Կարծում եմ, Կառավարությունն այդքան անվճարունակ չի, որ չկարողանա մի քանի հազար դրամ հատկացնել ժայռի արհեստական փլուզման համար, ուղղակի սրտացավություն ու մարդասիրություն է պետք: Հուսով եմ հարցը շտապ լուծում կունենա ու ստիպված չենք լինի նախարարություններից նախարարություն դեգերել, որոնք որպես խնդրի պատասխանատուներ, առանց վարանելու, իրենց վրայից գցելով՝մատնանշում են իրար: