Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարը մեկնարկեց ՀՀ հիմնով և հայրապետական աղոթքով։ 2050 պատվիրակից ներկա էր 2041-ը և քանի որ քվորում կար, ԵԿՄ-ն սկսեց իր աշխատանքը։ Ընտրվեցին նախագահության, քարտուղարության, հաշվիչ և խմբագրական հանձնաժողովներ։
Նախագահության անդամներ նշանակվեցին, որոնց թվում են՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը և այլք։
ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին իր ելույթի խոսքն ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։ Նա նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտում ընկած ընկերների հիշատակը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ապա անցավ բուն ելույթին։
«Նախ ողջունում եմ բոլորիդ, բարով տեսանք, սա լուրջ օր է, մեր երկրի մեր պետության համար: 25 տարի առաջ մեր երկրի ղեկավարի շնորհիվ կարողացանք անկախանալ, հա՛մ անկախություն ձեռք բերել, հա՛մ Արցախը պաշտպանել: Այսօր այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, բայց չենք տալիս»,- նշեց նա։
Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե պատերազմի տարիներից ԵԿՄ-ն կարևոր ներդրումն է ունեցել հայոց անկախության համար։
«Երկրապահ նշանակում է, երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամ ունենք՝ պահպանել ազատ, անկախ Արցախը, վստահ եղեք երկրապահն առաքելությունը կատարել է , կատարում է և կատարելու է: Արցախն այլևս անկախ պետություն է»,- հայտարարեց ԵԿՄ նախագահը:
Մանվել Գրիգորյանը նշեց, թե ինքը միշտ ասել ու հիմա էլ կրկնում է՝ «կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև այն պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Մեզ հաջողվեց օրենքով ամրագրել «Երկրապահ» կամավորների կարգավիճակը: Եթե ուզում եք, որ պատերազմ չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք: Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ Հայկական բանակի սպան մեր հասարակության ամենապաշտպանված ու հարգարժան խավը պիտի լինի»,- նշեց նա:
Ըստ Մանվել Գրիգորյանի՝ այս բոլոր խնդիրներին բոլորից լավ տեղյակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հարգելի Սերժ Ազատի, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, դուք մեր մարտական ընկերն եք, մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայելու, որ կառուցեք հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները և որտեղ բարեկեցիկ խաղաղ կյանքով կապրի հայ ժողովուրդը»,- նշեց նա։
Մանվել Գրիգորյանի խոսքով՝ ոչ մի նպատակ ու ծրագիր, որքան էլ որ փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն։ «Եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, որ մենք ենք մեր տունը կառուցելու ու շենացնելու, ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը։ Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը։ Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք ու հզորացնենք Հայաստանն ու Արցախը»,- եզրափակեց նա։