Քաղաքականություն 

Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն մի քանի նպատակ ունեն. Սերժ Սարգսյան

analitik.am

Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր՝ փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով:

«Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված եւ այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն եւ ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրեւ պայքար հանուն Ղարաբաղի»,- նշել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, այդ մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ. «պարբերաբար թեժացնել իրավիճակը եւ բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը եւ որի շուրջը փորձում են ձեւավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետեւ «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան»:

«Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար եւ փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սեւ» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին եւ աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռեւս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, եւ բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Այդ մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման եւ փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարեւել միմյանց: Թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:

Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետեւ մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող եւ մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ եւ աշխարհի հետ հարաբերվելիս»:

Նույն շարքից