«ՄԵԿԱՄՅԱ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ
Շուտով իրենց մեկամյա տարեդարձը տոնող իշխանափոխություն արարողներն, իրենց առաջնորդի շվաքի ներքո, արդեն առաջին օրերից սկսեցին Հայ հասարակությանը բաժանել՝ Սևերի և Սպիտակների, կամ «լավերի» և «վատերի» ու հանրությունն ակամայից կանգնեց երկմտանքի առջև: Ոմանք գիտակցաբար, ոմանք էլ անգիտակից ու գայթակղված ստեղծված իրավիճակով, ընտրեցին մի ճանապարհ, որն իրենց ներքաշեց «Հեղափոխական» մի խորդուբորդ ուղու մեջ, որի ճանապարհին ոչնչացվում է այն ամենն ինչ խանգարում է իրենց և պայծառ լույսի ներքո խոչնդոտում՝ «մութ» գործերի իրականացմանը:
Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ կարծես թե Մենք և մեր երկիրը գոյություն չի ունեցել մինչև 2018 թվականի մայիսի 8-ը, այլ Հայ ազգի ծագումն ու քաղաքակրթությունը սկսվել է հենց մայիսի 8-ից և հաստատվել նույն տարվա դեկտեմբերի 9-ին: Ու հիմա Մենք բոլորս՝ հպարտ ու բեղ-մորուքով կերպարանափոխված, Դուչեի պատգամներով գնում ենք անդին:
«Հեղափոխությունն» ունի առաջնորդ, ով ինչ որ բան է խոսում, իսկ մյուսները՝ հպարտ ու անտեղյակ, բոլշևիկյան ծափերով վավերացնում են այն: Ինչպես օրինակ, Դուչեի բոցաշունչ կոչերից մեկը. «Բարեկամներիս՝ ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք»:
Ցավոք, Մեր երկրում այժմ կան մարդկանց «խմբեր», որոնք Հայ ժողովրդի անունից հանդես գալով չեն ուզում լսել ոչինչ՝ ասելով.
- Ոչ՝ Արցախի հերոսամարտին ու ազատագրմանը, իշխանափոխություն կատարած «Հեղափոխությունը» ավելի կարևոր պատմական իրադարձություն սրբագրելով,
-Ոչ՝ մեր նորօրյա պատմության հերոսներին ու նրանց ազգանվեր գործունեությանը, մեր մոլորակում չի գտնվի մի հերոս, ով ստացել է այդ կոչումն առանց հերոսանալու,
- Ոչ՝ ամաչելով Ապրիլյան պատերազմի արդյունքներից, և այս մասին խոսում են այդ բարոյական իրավունքը չունեցողները,
- Ոչ՝ մշակույթին ու այնտեղ ավանդույթներ կերտողներին, վերացնելով այդ ոլորտի պետական մարմինն ու ազատելով մարդկանց պաշտոններից,
- Ոչ տնտեսության զարգացմանն իրապես խթանող քայլերի առաջնահերթությանը, փորձելով ստեղծել վենդետա իրականցնող «անցումային արդարադատություն» և ոչչին չխթանող նոր հարկային քաղաքականություն
-Ոչ պետությունը կառավարելու ճշգրիտ քայլեր նախաձեռնելուն և այսպես շարունակ...
Հասարակության այն մասը, ովքեր չեն մասնակցել հեղափոխական քայլերթին և հետո չեն գնացել «Հեղափոխության» մութ ու խորուբորդ ճանապարհով, ակամայից մտորում են, թե որտեղ է մեր երկրի՝ դեպի պայծառ ապագա տանող ճամփաբաժինը և որտեղ փնտրել մեր օրերի կյանքի ճշմարտությունը, որն այսօր այդքան աղավաղված ու անհասկանալի է: Բայց այս ամենից հոգ չէ ընկճվել, այլ պետք է դառնալ ավելի խորաթափանց, լինել լավատես ու չխաբվել ականջահաճո ձոներով, քանզի մեր լավ ապրելու տեսլականը կերտողները մենք բոլորս ենք ու մեր ոգու գիտակցությունն, այլ ոչ թե Սևերը կամ Սպիտակները, կամ նրանց առաջնորդները»:
«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ