Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել նախագահական ընտրություններում իր մրցակից Վլադիմիր Զելենսկիին չվախենալ դեբատներից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Պատճառներ մի փնտրեք հրաժարվելու համար և մի ներկայացրեք նախապայմաններ: Մի թաքնվեք որևէ մեկի թիկունքում, դա տգեղ է: Տղամարդ եղեք, եկեք դեբատին: Մարզադաշտում եք ուզում, կլինի մարզադաշտում: Ես սպասում եմ»,-գրել է Պորոշենկոն:
Նախագահը հավելել է, որ իր կյանքում շատ մարտահրավերներ է ընդունել՝ ինչպես քաղաքական հակառակորդներից, այնպես էլ ուժեղ թշնամիներից, նայել է նրանց աչքերի մեջ և չի փախցրել հայացքը: Նրա խոսքերով, այդպիսին պետք է լինի գերագույն հրամանատարը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլում պայքարելու իրավունք ստացել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին: