Երեկ Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքները պետք ուշադրության արժանանան նաեւ Հայաստանում։
- Ինչպես մի քանի անգամ նշել եմ, նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, որը, կողմերի հավաստմամբ, կնախաստորագրվի հենց այս Եվրահանձնաժողովի օրոք։ Շեշտեմ, որ մեզ համար կարեւոր է, թե ի՞նչ ձեւակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը եւ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։ ԱԳՆ-ից մինչ այսօր սպասում ենք արձագանքի։
- Ինչպես եւ կանխատեսում էի, ԵՄ-ն մեղմում է իր վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Գլոբալ շահերը դառնում են էլ ավելի կարեւոր, ուստի մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա։
- ԵՄ-ն դրական է վերաբերվել Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպմանը եւ կոչ է արել արագ իրականացնել այնտեղ ձեռքբերված համաձայնությունները՝ մարդասիրական եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գծով։ Համաձայնեք, որ այստեղ մենք հստակ հարցեր ունենք վարչապետին, թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Վիեննայում։
- Ադրբեջանական գազի ԵՄ մատակարարման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնեմ, որ այն նախատեսված է 2020 թվականից եւ Հայաստանի համար խնդիրներ կստեղծի հատկապես Հարավային Եվրոպայում եւ Բալկաններում։
Ցավոք, առկա տեմպերով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։
Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը։