Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակներում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ: Կոնկրետ իրավիճակին չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ ծանոթ չեմ գրառմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:
Ապրիլի 4-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
Թաթոյանը կոնկրետ գրառումը չմեկնաբանեց՝ հայտարարելով, որ գնահատական տալու համար պետք է անձամբ ծանոթանա, սակայն նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին. «Միգուցե նա այլ իմաստով է ասել, պետք է հարցն ուղղել նրան, կամ վարչապետի աշխատակազմին: Ես չեմ կարող վարչապետի խոսքը մեկնաբանել: Ես ընդամենն ասում եմ, որ անձին ձերբակալելու, քրեական գործ հարուցելու ցուցում տալը վերապահված է դատախազին, կամ քննչական բաժնի պետն ունի որոշակի լիազորություններ»: