Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով ֆեյքերի դեմ պայքարի վերաբերալ վարչապետի հայտարարության մասին, նշեց, որ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է. «Կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ, ուղեցույցներ: Այլ հարց է, եթե այդ տեղեկությունը ենթադրենք բռնության կոչ է պարունակում»:
Թաթոյանը նշեց, որ հետևում են քննարկումներին, ծանոթ է մտահոգություններին, հարցն իրենց ուշադրության կենտրոնում է. «Հատկապես կեղծ օգտատերերի մասով խնդիրն այն է, որ ատելության խոսքը, բռնության կոչերը, սպառնալիքը, վիրավորանքները լինում են հենց նրանց կողմից: Հարցով յուրաքանչյուր մարմին պետք է աշխատի ըստ իրավասության: Ես կիսում եմ կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված: Ես ուզում եմ նորից պնդել, որ մարդն ունի միջազգայնորեն ճանաչված իրավունք առցանց հարթակում անանուն մնալու: Իսկ եթե բռնության կոչեր և նմանատիպ բաներ կան, դա այլ հարց է»: