Քաղաքական 

Հայ-ռուսական համագործակցությունը՝ ԱԻՆ-ի 2014թ.-ի կարևորագույն ուղղություն. Նիկոլայ Գրիգորյան

Արտակարգ իրավիճակների նախարարության 2014թ.-ի կարևորագույն ուղղություններից է լինելու հայ-ռուսական փրկարարական ծառայությունների համագործակցությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ ներկայացնելով ԱԻՆ-ի այս տարվա գերակա խնդիրները:

«Մեզ համար կարևորագույն մի ուղղություն է լինելու հայ-ռուսական փրկարարական ծառայությունների համագործակցությունը: Ռուսական կողմից 12 մլն դրամի ներդրում կլինի, կունենանք նաև նոր ուղղաթիռներ»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այսօր նախարարության առջև կարևորագույն մի խնդիր է դրված։ «Մենք դժվար պահին միշտ բնակչի կողքին ենք, և բնակչությունը պետք է իմանա, որ այսօր փրկարար ծառայությունը իր մատից փուշ կհանի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ կստեղծվի ևս երեք փրկարարական ջոկատ:

Խոսելով երկրի սեյսմիկ վիճակի մասին, նա շեշտեց, որ դա մշտապես գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում: Այս տարի լուրջ միջոցներ կներդրվեն Գառնիի դիտակայանի կառուցման համար:

«Այս տարի նորովի կներկայանա Գառնիի կենտրոնը, և մենք մշտապես մատներս կդնենք երկրի պուլսի վրա և մշտապես տեղեկություններ կունենանք երկրաշարժերի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով պատահարների թվին՝ բանախոսը տեղեկացրեց, որ 2012թ-ի համեմատ 2013.-ին 4,6%-ով ավելացել են դեպքերը. «Մերոնք ավելի շատ զոհվում և վնասվածք են ստանում սոցիալ-տնտեսական պատահարներից, և պատահարները հիմնականում տեխնածին են»:

Նա նաև նշեց ծառայությանը դիմած տարօրինակ մի քանի դեպք և ավելացրեց, որ նախարարը հրահանգել է, որ որևէ ահազանգ չանտեսել:

Փրկարար ծառայությունում աշխատող՝ տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցողների մասին էլ ասաց, որ վաղը նոր ընդունելություն է լինելու նրանց համար: Ինչպես նաև նախարարության մյուս շենքում նույնպես կառուցվում է վերելակ՝ հատուկ նրանց համար: Իսկ երբ մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ լինեն, այնտեղ ևս աշխատանքի կընդունենք տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների:

Նույն շարքից