Քաղաքական 

Հերմինե Նաղդալյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Թշնամանքով ես լցված, տիկին ջան

Կարծում եմ բացարձակ դեմագոգիա կարելի է որակել Նաիրա Զոհրաբյանի մտքերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը բաժանում է հանրությունը «մենք» - ի եւ «դուք»-ի, կամ բաժանարար գծեր է դնում:


Այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի Քաղաքաշինության նախարարությունում հնչեցրած ելույթից հետո ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե նախագահի ելույթի մեջ  տեսնում է «սահմանարար, բաժանարար գծեր»՝ իշխանության եւ արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջեւ, եւ որ իրենք զբաղված չեն սեւացնելով, այլ պարզապես խոսում են փաստերով:

«Հավատացած եմ, որ ողջ հանրության համար պարզ է եւ տեսանելի , բացի հիշողությունը կորցրած անձանցից, ովքեր մոռանում են, որ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում եւ՛ գործը եւ՛ խոսքը մշտապես ուղղված են եղել հասարակության մեջ համերաշխության կայացմանը, հանրության համախմբմանը եւ կոնսոլիդացմանը, եւ այդ մոտեցումը վերաբերել է ինչպես քաղաքական դաշտին , այնպես էլ ողջ հասարակությանը»,-հայտարարել է Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումն սկսել եւ շարունակել է սիրո, եղբայրության լոզունգներով եւ մեսիջներով, քաղաքական դաշտում էլ՝ համագործակցության եւ համախմբման բացառիկ օրինակներ է դրսեւորել, որոնք նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ են եղել:

«Եվ այսօր խոսել բաժանարար գծերի կամ  սահմանազատումների մասին, իրականում, բառիս ուղիղ իմաստով, անհիմն չարախոսություն է, միաժամանակ վկայություն, որ իսկապես, անտեղի եւ անհիմն սեւացնում ես, թշնամանքով ես լցված, որեւէ լավ բան տեսնելու ցանկություն չունես, լավն էլ վատ ես ներկայացնում, ու հետո էլ՝ զարմանում, թե ինչու են ասում՝ սեւացնելով ես զբաղված: Բա ի՞նչ ասենք, տիկին ջան»,-ասել է Հերմինե Նաղդալյանը

Նույն շարքից