Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել Սպայկա ՍՊԸ-ում և ձերբակալել ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանին: Շրջանառվող լուրերի կապակցությամբ Սպայկա ընկերության տնօրենն այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողներին հրավիրել էր Սամբիել պանրի գործարան ասուլիսի։
Նա նշեց, որ այս խոսակցությունը քաղաքական բնույթ չի կրում, որից հետո տեղեկացրեց դեռ նախորդ ՊԵԿ-ի կողմից իր ընկերությանն ուղղված իրավախախտման մասին, ըստ որի, իր ընկերությունը 2 մլրդ 45 մլն-ի հարկ չի վճարել: Ղազարյանը հայտնեց, որ ինքն այդ գումարը վճարել է հանուն իր ընկերության գոյատևման. «Որպեսզի բանկռոտ չլինի և շարունակենք մեր գործունեությունը ստիպված եղա վճարել այդ գումարը»։
Ղազարյանի խոսքով, այդ սխալ քայլի հետևանքով է, որ հիմա այսպիսի երևույթ է եղել։
«Սպայկա» ընկերության սեփականատերը տեղեկացրեց իր ծրագրերի մասին. «Մենք վարկ էինք վերցնելու 100 մլն դրամի չափով նոր գործարաններ հիմնելու համար, որոնք կստեղծեին շուրջ 1000 և ավել աշխատատեղ, սակայն երեկ ինձ զանգահարեց բանկի տնօրենը և տեղեկացրեց, որ չի կարող իրականացնել այդ փոխանցումը, քանի որ իմ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացրել»։
Պարոն Ղազարյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Ասում է տնտեսական հեղափոխություն, ո՞նց, նոր աշխատատեղ ստեղծելու հնարավորությունից զրկելո՞վ»։
Անդրադառնալով իր հանդեպ քրեական հետապնդում իրականացնելուն՝ Դավիթ Ղազարյանը նշեց, որ հայտնաբերված իրավախախտումները իր ընկերությանը չեն վերաբերում, այլ՝ «Գրին պրոդուկտ» ընկերությանը, որը որևէ կապ չունի իր ընկերության հետ: Պարոն Ղազարյանը հավաստիացրեց, որ իր ընկերության միակ սեփականատեր ինքն է, նույնիսկ երդվեց հաստատելու համար։ Նրա խոսքով, արդեն երկու ամիս է ինչ ցանկանում է հանդիպել ՊԵԿ-ի նախագահի հետ, ով հանդիպելու ցանկություն չի հայտնել։
Ղազարյանը հայտնեց, որ փորձել է քննիչից հասկանալ, թե ինչ է կատարվում և իրենից ինչ են ուզում, քննիչն իրեն պատասխանել է. «Կամ ստորագրում ես կամ հեռանում»։
Նշենք, որ «Սպայկա» ընկերության աշխատողներն այս պահին գտնվում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական դատարանում, որտեղ քննվում է Դավիթ Ղազարյանի կալանավորման հարցը: