Քաղաքականություն 

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

analitik.am

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ, եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

«Մեր երկրների միջեւ ձեւավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության եւ անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»,-ասել է Բաղդասարյանը, ով կարեւորել է երկու երկրների միջեւ անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Ջոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արթուր Բաղդասարյանին փոխանցել վերջինիս պաշտոնակցի ջերմ ողջույնները: Ջոու Լին նաեւ նշել է. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, եւ մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»:

Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա համագործակցության վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ եւ կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի եւ Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ փոխգործակցություն հաստատելու եւ զարգացնելու համար:

Արթուր Բաղդասարյանը Ջոու Լիին խնդրել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Կողմերը քննարկել են նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ հաստատված եւ զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է «Օրինաց երկիր» կուսակցության հաջորդ համագումարին, ինչը սիրով ընդունվել է: Ջոու Լին էլ իր հերթին Չինաստան է հրավիրել ՕԵԿ ներկայացուցիչներին:

Նույն շարքից