Քաղաքականություն 

ՀԿ-ները կարող են ժողովներ հրավիրել ոչ թե 2, այլ 4 տարին մեկ անգամ

analitik.am

Եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, ապա կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է օրինագիծը ներկայացնող պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությամբ առաջարկվում է կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրություն կամ նրա լիազորությունների դադարեցում իրականացնել, եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը:

Նշվել է, որ գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշել է, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, դրական եզրակացություն է տվել եւ ներկայացրել մի շարք առաջարկներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրինագծի իրավական ձեւակերպումներին առնչվող մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ նշելով, որ առավել հստակ ձեւակերպումների դեպքում, որպես պատգամավոր, դեմ չի լինի օրենսդրական նախաձեռնությանը:

Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ Արտակ Դավթյանը նշել է, որ պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել եւ լրամշակել օրինագիծը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:

Նույն շարքից