Մարդու իրավունքների հանձնաժողովը, օմբուդսմենի գրասենյակը և ՄԱԿ-ը կազմակերպել էին խորհրդարանական լսումներ երեք օրակարգային հարցերով՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ և երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես էր «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը հայտնվել խորհրդարանում և ելույթ ունեցել:
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ, ինչին կոշտ արձագանքեց լսումները ղեկավարող Նաիրա Զոհրաբյանը:
«Հանձնաժողովը միաձայն հաստատել է այդ օրակարգը և հրավիրել է բոլոր այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են դատաիրավական բարեփոխումներով, հաշմանդամների և երեխաների խնդիրներով: Եվ քանի որ ՀԿ-ների անունները շատ ընդհանուր են՝ իրավունքի պաշտպանություն, և այլն, և այլն, բնականաբար, այդ ՀԿ-ն էլ էր գրանցվել լսումներին մասնակցելու համար, և տեսաք, թե ինչպիսի ելույթ ունեցավ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասն՝ Tert.am