Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի և Հայաստանի Սահմանադրական դատարանների փոխգործակցությունը` բարձր գնահատելով նաև այցի ընթացքում արձանագրված արդյունքները: Պրն. Հրայր Թովմասյանը նաև ընդգծեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությունն ինչպես ազգի ինքնության պահպանման, այնպես և հայ իրավագիտության զարգացման գործում:
Այնուհետև հյուրերին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների կապակցությամբ, որոնք նպաստում են հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Այդ առումով Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց Սահմանադրական դատարանների միջև սերտ գործակցությունն իրավական ոլորտում:
Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես անդրադարձ կատարեց Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ Սահմանդրությանը, որոնց ակունքներում քրիստոնեական արժեհամակարգն է` խոսելով նաև ընդհանուր առնչակցությունների մասին:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահը փաստեց, որ երկու երկրների գործակցությունը իրավական դաշտում լավագույն վկայությունն է Հայաստանի և Գերմանիայի բարեկամական և սերտ հարաբերությունների մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց պրն. Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությանը:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի նախագահին
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Դաշնային սահմանադրական դատարանի եւ երկրորդ սենատի նախագահ Անդրէաս Ֆոսկուլէին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը՝ ուղեկցութեամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբութեանը ներկայացրեց Գերմանիայի եւ Հայաստանի Սահմանադրական դատարանների փոխգործակցութիւնը` բարձր գնահատելով նաեւ այցի ընթացքում արձանագրուած արդիւնքները: Պրն. Հրայր Թովմասեանը նաեւ ընդգծեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերակատարութիւնն ինչպէս ազգի ինքնութեան պահպանման, այնպէս եւ հայ իրաւագիտութեան զարգացման գործում:
Այնուհետեւ հիւրերին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակութիւն յայտնելով երկու երկրների միջեւ զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ, որոնք նպաստում են հայ եւ գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: այդ առումով Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց Սահմանադրական դատարանների միջեւ սերտ գործակցութիւնն իրաւական ոլորտում:
Գարեգին Բ. Հայրապետը մասնաւորապէս անդրադարձ կատարեց Եւրոպայում արդի իրաւունքին եւ ՀՀ Սահմանդրութեանը, որոնց ակունքներում քրիստոնէական արժեհամակարգն է` խօսելով նաեւ ընդհանուր առնչակցութիւնների մասին:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Դաշնային սահմանադրական դատարանի եւ երկրորդ սենատի նախագահը փաստեց, որ երկու երկրների գործակցութիւնը իրաւական դաշտում լաւագոյն վկայութիւնն է Հայաստանի եւ Գերմանիայի բարեկամական եւ սերտ յարաբերութիւնների մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց պրն. Անդրէաս Ֆոսկուլէի գլխաւորած պատուիրակութեանը: